ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17 մայիսի, 2007 թ.

Ալեքսանդր Արզումանյանի ընտանիքի հայտարարությունը

2007 թ. մայիսի 7-ի ուշ գիշերին ձերբակալվեց Ալեքսանդր Արզումանյանը: Նա պահվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բանտախցում` փողի լվացման մեղադրանքով:
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ալեքսանդր Արզումանյանին կամ լսել են նրա մասին, գիտեն, որ քրեական մեղադրանքն անհեթեթ է, և որ նրա ձերբակալությունը ներկա իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող բռնությունների, ահաբեկման, կաշառակերության և վարչական ռեսուրսների չարաշահման գործելակերպի դրսևորումներից է և նպատակ ունի ճնշել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները Հայաստանում:
Ալեքսանդր Արզումանյանը հայտնի է իր համարձակությամբ և անկաշառությամբ, երբ դեռ երիտասարդ հասակում միացավ անկախ, ժողովրդավարական Հայաստանի համար մղվող պայքարին, երբ ծառայում էր Հայաստանի Հանրապետությանը որպես երկրի առաջին դեսպան Ամերիկայի Միացյալ Նահան•ներում և Միավորված ազգերի կազմակերպությունում, երբ նշանակվեց արտաքին գործերի նախարար 1996 թ. և երբ հրաժարական տվեց այդ պաշտոնից 1998 թ.` երբ իշխանության եկավ ներկա կառավարությունը:
Այդ պահից ի վեր նա ակտիվորեն, օրինական քայլերով ընդդիմանում է այս վարչակարգին: Նրան հնարավոր չէ գնել, նրան հնարավոր չէ ահաբեկել: Նա շարունակում էր աշխատել, շարունակում էր խոսել նաև այն բանից հետո, երբ մեր տունը խուզարկության ենթարկվեց մայիսի 5-ին` մինչև նրան ձերբակալեցին մայիսի 7-ի կեսգիշերին մեր շքամուտքի մոտ:
Այսօր մենք խնդրում ենք Ալեքսանդր Արզումանյանի ընկերներին և գործընկերներին Հայաստանում և արտասահմանում, խնդրում ենք նրանց, ովքեր միգուցե առաջին ան•ամ են լսում նրա անունը, ծանոթանալ այս գործին` մեր միջոցով, մեր փաստաբանների միջոցով, մամուլից, իշխանություններից: Միացեք Ալեքսանդր Արզումանյանի ընտանիքին և նրա ընկերներին` հասնելու այս հարցի արդարացի լուծմանը: Իմացեք, որ Ալեքսանդր Արզումանյանը միշտ գործել է ի շահ իր Հայրենիքի, և եթե այսօր դա պատահեց մեր ընտանիքի հետ, վաղը նույնը կարող է պատահել նաև ձեր ընտանիքի հետ:
Թող Հայաստանի իշխանությունները և ժողովուրդը իմանան, որ դուք հետևում եք այս գործին, անհանգստացած եք և մտահոգված դրանով:
Ազատություն Ալեքսանդր Արզումանյանին

<===BACK===