
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09 մայիսի, 2007 թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ապօրինի վարչախումբն ի սկզբանե
հույս ուներ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակն
ապահովել` օգտվելով հասարակության մեջ իր իսկ կողմից արմատավորած վախի
եւ անտարբերության մթնոլորտից:
Համարելով, որ դա է իր հիմնական եւ վստահելի
ռեսուրսը` վարչախումբը փորձեց նաեւ "նախընտրական ժողովրդավարության միամսյակի"
իմիտացիա ստեղծել, սակայն իրական ընդդիմության գործունեության շնորհիվ
վախի մթնոլորտը արագորեն տեղի տվեց եւ խափանեց այս ծրագիրը: Ուստիեւ,
որպես նախընտրական արշավի միջոց, վարչախումբը հենց սկզբից ստիպված եղավ
բազմապատկել ահաբեկչական գործողությունները` դրսեւորելով իր ոստիկանապետական
իրական բնույթը: Վերջին մեկ ամսվա ընթացքում, հնչել են "նախընտրական"
կրակոցներ, եղել են պայթեցումներ, հրկիզումներ, որոնք ուղեկցվել են բռնություններով
եւ մարդկային զոհերով:
Ընտրական օրենսգքի պահանջների կոպիտ խախտումներով
(որոնք արձանագրվել են նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության միջանկյալ
զեկույցներում) ու քրեաքաղաքական հաշվեհարդարներով սկսված ընտրարշավի
ավարտն արդեն վերածվում է բացահայտ քաղաքական ահաբեկչության: Այս ահաբեկչությունը
ակնհայտորեն իրագործումն է ՀՀ նախագահի, վարչապետի պաշտոնները զբաղեցրած
անձանց հրապարակային հրահանգ-հայտարարությունների, որոնցով նրանք նպատակ
ունեն բանակը եւ ուժային կառույցները վերածել պետական ահաբեկչության
գործիքի: ՀՀ նախագահի, վարչապետի պաշտոնները զբաղեցրած անձինք չեն խորշում
նաեւ սափրագլուխների բանդաների ծառայություններից օգտվելուց: Այս ամենը
վկայում է, որ հանցավոր վարչախումբը խուճապահար է, եւ համաժողովրդական
զարթոնքը կասեցնելու հուսահատ փորձեր է անում:
Մայիսի 3-ի ուշ երեկոյան ԲՀԿ-ի սափրագլուխ-ակտիվիստները
դաժան ծեծի ենթարկեցին Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ
Շահեն Պետրոսյանին: Մայիսի 5-ին չհիմնավորված պատրվակով խուզարկություններ
անցկացվեցին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, նախկին նախարար
Վահան Շիրխանյանի եւ հայտնի հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանի (գրական
անունը Գագիկ Սարգսյան) բնակարաններում: Այս ամենը մենք գնահատում ենք
իբրեւ քաղաքական հետապնդման եւ քաղաքական ահաբեկչության դրսեւորում:
Մենք համոզված ենք, որ երկրում արձանագրված
քաղաքական բեկումն անկասելի է եւ ավարտվելու է ժողովրդի իշխանության
հաստատմամբ: ՙԻմպիչմենտ՚ դաշինքը, ՙՆոր ժամանակներ՚ կուսակցությունը,
ՙՀանրապետություն՚ կուսակցությունը իրենց հավատարմությունն են հայտնում
հանցավոր վարչախմբի հեռացման եւ նրա պարագլուխներ Ռոբերտ Քոչարյանի եւ
Սերժ Սարգսյանի պաշտոնազրկման ուղեգծին եւ ՀՀ քաղաքացիներին կոչ են անում
հետեւողական գտնվել համընդհանուր աջակցություն վայելող այս խնդրի լուծման
գործում: Միայն Հայաստանում իշխող քրեական օլիգարխիայի ներկայացուցիչների
պաշտոնազրկման արդյունքում հնարավոր կլինի վերջ դնել երկրում տիրող ամենաթողությանը
եւ պատասխանատվության ենթարկել քրեական օլիգարխիայի հովանու ներքո բարգավաճող
հանցագործներին:
ՙԻմպիչմենտ՚ դաշինքի անունից Նիկոլ
Փաշինյան
ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղաքական
խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյան
ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության նախագահ
Արամ Կարապետյան
<===BACK===